Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ստեփանավանի, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու, Շիրակի, Կոտայքի (բացառությամբ Եղվարդ քաղաքի) մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Մարտունի, Գավառ քաղաքներում, Գորայքի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:
Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։