Ադրբեջանի Քրեական օրենսգրքում ավելացվել է 281-1-րդ հոդվածը, որն արդեն իսկ ուժի մեջ է մտել։
Քրեական օրենսգրքի 281-1-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ ցուցադրելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասնատմանն ուղղված հատկանիշների կամ խորհրդանիշների պատրաստման, ձեռքբերման, պահպանման, փոխադրման կամ տեղափոխման, տարածման համար։ Այս արարքների համար նախատեսված է մինչև 5 տարվա ազատազրկում։ Օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ այդ արարքները կատարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով, ասվում է հոդվածում։
Վերոնշյալ հոդվածով հանցագործությունների նախաքննությունը կատարելու է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Նշենք, որ Ադրբեջանը Արցախի բլոկադայի, ապա՝ արցախահայության բռնի տեղահանումից հետո Արցախը հռչակել է Ադրբեջանի մաս, իր հերթին ՀՀ վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Վերոնշյալ հոդվածը հատկապես վերաբերում է Արցախի խորհրդանիշներին։ Ստացվում է, որ այժմ Արցախի խորհրդանիշների, այն է՝ դրոշի, զինանշանի և այլ խորհրդանիշների տեղափոխման և ցուցադրման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։