Հետևեք մեզ։

Ուկրաինան հաստատել է, որ այսօր գերիների փոխանակում պետք է տեղի ունենար, որը չեղարկվել է Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով

20:30, 24 հունվար 2024
Ուկրաինան հաստատել է, որ այսօր գերիների փոխանակում պետք է տեղի ունենար, որը չեղարկվել է Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով

Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության մամուլի ծառայությունը հաստատել է, որ այսօր պետք է տեղի ունենար ռազմագերիների փոխանակում, որը չեղարկվել է ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով։

 

Գերատեսչությունը, սակայն, հերքում է ռուսական կողմի հայտարարությունը, թե ուկրաինական իշխանությունները տեղեկացված են եղել գերիներին փոխանակման վայր տեղափոխելու եղանակների մասին։

 

«Ուկրաինան տեղեկացված չի եղել տրանսպորտային միջոցների քանակի, երթուղիների և գերիների տեղափոխման ձևերի մասին։ Հայտնի է, որ բանտարկյալներին տեղափոխում են օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով»,- հայտնել են վարչությունից։

 

Նաև Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը չի հաստատել կամ հերքել Իլ-76-ում ռազմագերիների առկայության մասին տեղեկատվությունը.

 

«Ներկայումս մենք չունենք հավաստի և համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե կոնկրետ ով է եղել ինքնաթիռում և ինչ քանակով»,- ասել են գերատեսչությունից։