Հետևեք մեզ։

Դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը հարցաքննվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով. «Ժողովուրդ»

08:07, 25 հունվար 2024
Դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը հարցաքննվել է ԲԴԽ նախկին նախագահ  Ռուբեն Վարդազարյանի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան է հրավիրվել եւ հարցաքննվել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը։ Նա հարցաքննվել է որպես վկա ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ Մելիքջանյանը Նախկին ԲԴԽ անդամ է եղել։

 

Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

 

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով վերջինիցս պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։

 

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: