Հետևեք մեզ։

ՀՀ-ում չկա մի կետ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց, տեղ-տեղ կարող ես անուն ազգանունով ասել՝ ո՞ր շինարարն է․ Նիկոլ Փաշինյան

12:09, 25 հունվար 2024
ՀՀ-ում չկա մի կետ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց, տեղ-տեղ կարող ես անուն ազգանունով ասել՝ ո՞ր շինարարն է․ Նիկոլ Փաշինյան

Կառավարութան նիստում «Ավտոճանապարհների և պետական տուրքի մասին» օրենքների փաթեթների քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ճանապարհների վիճակին։ Նա նշել է, որ հարկավոր է իրականացնել ճանապարհների որակի աուդիտ։

 

«Պետք է բանաձև ունենանք, թե ինչ վիճակում պիտի լինի ճանապարհը։ Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի լեգիտիմության կարկաչուն աղբյուր, որը մեր բեռնատարների գերբեռնվածությունն է։ Սա էլ է մեր լուծելու հարցը, քանի որ այդ ճանապարհը նախատեսված չէ նման ծանրության բեռնատարների համար։ Սրա համար էլ ճանապարհներին կշեռքներին դրեցին, մարդիկ ձերբակալվեցին, չգիտեմ՝ դատվում են, թե էլի փոշմանել, բաց ենք թողել»,- ասել է Փաշինյանը։

 

Անդրադառնալով ճանապարհների թերությունների վերացմանը՝ Փաշինյանը նշել է՝ հարկավոր է նախ հասկանալ՝ ինչ է նշանակում թերություն վերացնել։ 

 

«Ենթադրենք ճանապարհը կառուցվել է, 3 կամ 6 ամիս հետո փոս է հայտնվել, շինարարն ասում է՝ օկ, կգնամ, թերությունը կվերացնեմ, գնում, ծածկում է փոսը, 5 օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում, ասում է՝ կգնամ, դա էլ կվերացնեմ, 7 օրից էլի ու մենք ճանապարհների փոխարեն ունենում ենք կարկատանների մի հավաքածու։ Այդ կուլտուրան շատ կասկածելի է, որովհետև այդ փոսը, եթե նույնիսկ օբյեկտիվ պատճառներով է առաջացել, լցնելը ճանապարհի հարթությունից կամ բարձր է լինելու, կամ ցածր։ ՀՀ-ում չկա մի կետ, որտեղ դու երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց, պարզ բան է չէ, չեմ չափազանցնում, ստուգեք կամ տարեք, ինձ ցույց տվեք, կապ չունի՝ ինչով ուզում ես երթևեկի, տեղ-տեղ, որ ուշադիր լինես, կարող ես անուն ազգանունով ասել՝ ո՞ր շինարարն է։ Այս խնդիրը մի օր պայթելու է, կամ պիտի լուծում ունենա։ Սա մեր պատասխանատվությունն է մարդկանց առաջ»,- ասել է վարչապետը։