ՌԴ նախագահի թեկնածու և երկրի գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը շուտով կհանդիպի նախագահական ընտրություններում իր վստահված անձանց հետ, հանդիպման օրն արդեն որոշված է, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա որոշված է, շուտով կլինի», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հայտնի է արդյոք վստահված անձանց հետ Պուտինի հանդիպման ամսաթիվը։
Նախկինում ԿԸՀ-ն որպես Պուտինի վստահված անձ գրանցել էր 346 մարդու, այդ թվում՝ դիրիժոր Յուրի Բաշմետին, բժիշկ Լեոնիդ Բոկերիային, արտիստներ Սերգեյ Բեզրուկովին, Լարիսա Դոլինային, Շամանին (Յարոսլավ Դրոնով), Նիկոլայ Ցիսկարիձեին, մարզիչ Իրինա Վիներին և այլք։ Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Սուվորովան հայտնել է, որ վստահված անձանց համար փաստաթղթերի պատրաստումը շարունակվում է, նրանց ընդհանուր թիվը կարող է հասնել 600 մարդու։
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։