Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկօրյա այցով ժամանել է Հնդկաստան՝ աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսության հետ շահավետ գործարքներ կնքելու ակնկալիքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Ջայպուր քաղաքի 19-րդ դարի պալատներից մեկում Մակրոնին կհյուրընկալի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Իսկ հունվարի 26-ին Մակրոնը ներկա կգտնվի զինվորական շքերթի՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության օրվան՝ երկրի սահմանադրության ընդունման 75-ամյակին։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս այցը «կամրապնդի և կխորացնի դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները»։
Ըստ հրապարակման՝ չնայած մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններին, Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված տարաձայնություններին, Մոսկվայի և Նյու Դելիի սերտ կապերին, ԱՄՆ-ն և նրա եվրոպական գործընկերները համագործակցում են Նյու Դելիի հետ՝ որպես ռազմական և տնտեսական հակակշիռ Չինաստանին։
Ֆրանսիայի նախագահը վերջին անգամ Հնդկաստան էր այցելել 2023 թ․ սեպտեմբերին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովին։ Իսկ 2023 թ․ հուլիսին Մոդին պատվավոր հյուր էր Ֆրանսիայում ՝Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին։