Հետևեք մեզ։

Գրիգորին հուղարկավորեցին սեպտեմբերի 22-ին՝ նախատեսված հարսանիքի օրը, հունվարի 31-ին նա կդառնա 25 տարեկան, որտե՞ղ են ծաղիկներ դնելու․ պատմում է քույրը․ Mediahub.am

21:48, 25 հունվար 2024
Գրիգորին հուղարկավորեցին սեպտեմբերի 22-ին՝ նախատեսված հարսանիքի օրը, հունվարի 31-ին նա կդառնա 25 տարեկան, որտե՞ղ են ծաղիկներ դնելու․ պատմում է քույրը․ Mediahub.am

Բալայանների ընտանիքն Արցախի Ճարտարում պաշարման պատճառով դժվարությամբ, միաժամանակ առանձնակի հոգատարությամբ էր պատրաստվում Գրիգորի ու մարտունեցի հարսնացուի՝ Լիաննայի հարսանիքին։ 

Քույրը՝ Շահանե Բալայանը, MediaHub-ին պատմել է, որ հարսանիքն այդպես էլ չկայացավ, ավելին, այդ օրը հողին հանձնեցին 24-ամյա եղբորը՝ քչախոս, անչափ բարի, կամեցող ու կես խոսքից հասկացող Գրիգորին։ 

Սեպտեմբերի 18-ին վերջինս եղբոր՝ Սասունի հետ մեքենա են գտել, գնացել Ստեփանակերտ, որ հարսանեկան խանութից վերջին գնումները կատարեն, վերցնեն պսակադրության մատանիները, որ Աստծո տանը միմյանց տեր ու հնազանդ լինելու խոստում տան, ձեռագործ տարոսիկներն ու հագուստեղեն։ 

«Այդ օրը Գրիգորին շատ մտահոգ էր, անգամ չէր ուրախանում, որ բլոկադայի պայմաններում հասցրել ենք ամեն ինչ անել։ Ճիշտ է, խանութներն ու շուկաները դատարկ էին, բայց մենք հասցրել ենք տոնական սեղանի համար որոշ ապրանքներ ձեռք բերել, մի մասը մեր այգիներից հավաքել ու անհամբերությամբ սպասում էինք սեպտեմբերի 22-ին»,- պատմել է Սասունը, ավելացրել, որ հարսանեկան նախապատրաստական աշխատանքները կատարելիս տունը թեթև վերանորոգել են, գնել Ստեփանակերտի կահույքի սրահներից մեկի ննջասենյակի վերջին գույքը, որի վրա չհասցրեց քնել նույնիսկ մեկ օր։

«Տարոսիկները պատրաստ պետք է լիներ մյուս օրը՝ սեպտեմբերի 19-ին։ Երբ դեռ Ստեփանակերտում էինք, Գրիգորին պետք է մնար ինձ հետ, որ հաջորդ օրը միասին վերադառնայինք Ճարտար։ Հարցնում էի՝ ինչո՞ւ ես տխուր, ամեն ինչ հասցրել ենք, ասաց՝ «տխուր չեմ, բայց անհանգիստ եմ, մտածում եմ ե՛ս չեմ հասցնի». զգում էր երևի, չգիտեմ… Նույն օրը ինքը հետ գնաց Ճարտար»,- ասել է եղբայրը։ 

Գրիգորին ՊԲ պայմանագրային զինծառայող էր, ամուսնանալու նպատակով արձակուրդ էր վերցրել։ 

«Սեպտեմբերի 19-ին Ճարտարում էր։ Ժամը 11-ի սահմաններում Սասունը զանգել ու ասել էր, որ պատերազմի վերսկսման մասին լուրեր են շրջանառվում, դու արձակուրդի մեջ ես, ինչ էլ լինի չգնաս, ինքն էլ շատ անհանգիստ ու տխուր էր։ Եկավ, ասաց՝ «բերեք զինվորական համազգեստս, գնամ տղերքի մոտ, սահմանին լարվածություն կա»։ Ես, բնականաբար, չէի բերում, խնդրում էի, որ չգնար, որ մի քանի օրից ամուսնության օրն է։ Չլսեց մեզ, հագավ զինվորական համազգեստը, գնաց ուղիղ դիրքեր, ինքն իր վրա ջղային տոնով ասաց՝ «հեռախոսիս մեջ «զարյադկա» էլ չկա»»,- հիշել է քույրը։

Ապա մտաբերելով օրվա իրադարձությունները՝ ավելացրել. «Երբ բարձրացել եմ 2-րդ հարկ, նկատել եմ, նա բացել էր բոլոր սենյակների դռները, նայել տան բոլոր անկյուններին, մի քանի րոպեով նստել տան բակում, հարցրել մեր մյուս քույրերից ու դուրս եկել»։ 

Կեսօրին սկսվեցին մարտերը, Շահանեն ասել է, որ իրենց տուն է եկել նաև ավագ քույրը՝ Ժաննան, նրա ամուսինը՝ Կարենը ևս դիրքերում էր։ 

«Հեռադիտակով նայել ենք հեռու դիրքերին, ամեն տեղից ծուխ էր բարձրանում։ Մեր սիրտն այդ ծխի պես սևացել էր, մի ներքին տագնապ կար մեր մեջ, կարծես սպասում էինք վատ լուրի»։ 

Ծանր մարտեր էին ընթանում «Կոհակներ» բարձունքի ուղղությամբ, որտեղ գտնվում էին և՛ Գրիգորին, և՛ քրոջ ամուսինը։ Խոշոր տրամաչափի զինատեսակներից բացի, Ճարտարում լսելի էին անգամ մերձամարտի ձայները։ Ոչ ոքի չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ։ 

Մարտունու ամբողջ շրջանը պաշարված էր։ Դիրքերում զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու անհայտ ճակատագրեր։ Այդ օրը Շահանեն ու ավագ քույրը գնացել էին Ժաննայի տուն, վերադարձին տեսել են իրենց բակում հարյուրավոր մարդիկ են հավաքված, նրանց մեջ նաև Կարենի եղբայրը․

«Մեզ համար արդեն պարզ էր»։ 

Սեպտեմբերի 22-ին Բալայանների ընտանիքում հարսանիքի փոխարեն սուգ էր։  

Գրիգորին մնաց Ճարտարում։ Հունվարի 31-ին նա կդառնա 25 տարեկան։ Որտե՞ղ են ծաղիկներ դնելու, որտե՞ղ են սգալու, ընտանիքը չգիտի…

 

Մանրամասները՝ սկզբնաղբոյւր կայքում։