Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական ստորաբաժանումը հայտնում է, որ Բելգորոդում կործանված «Իլ-76»-ում ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է լինեին, սակայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նրանց թույլ չի տվել նստել ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
Յուսովի խոսքով՝ զինվորականները թույլ չեն տվել ռուս փրկարարներին այցելել աղետի վայր, և դեպքից հետո միայն հինգ դի է տեղափոխվել տեղի դիահերձարան։
«Օդանավում պետք է լինեին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ագրեսոր պետության ռազմաքաղաքական ղեկավարությունից։ Նրանց անունները հայտնի են և հայտնի կդառնան, նյութերը կներկայացվեն միջազգային հետաքննության շրջանակներում։ Սակայն վերջին պահին նրանց փաստացի կարգադրվել է չնստել և օգտվել այլ տրանսպորտային միջոցներից։ Այս տեղեկությունը բացահայտվել է դեպքից հետո։ Վթարի վայր ժամանած Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչներին ու զինվորականները փաստացի վտարեվել են, նրանց թույլ չեն տվել այցելել այդ վայր ու տեղայնացնել աղետը»,- ասել է Յուսովը։
Հունվարի 24-ին Բելգորոդի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով։ Ռուսական իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պահանջում է միջադեպի միջազգային հետաքննություն։