Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր կատարողական արվեստով բարձր է գնահատվել եվրոպական առաջատար բեմերում:
Թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը հունվարին առաջնախաղով հանդես է եկել Բեռլինի գերմանական օպերային թատրոնում (Deutsche Oper Berlin) Պուչինիի «Տոսկա» օպերայում՝ մարմնավորելով Սկարպիայի կերպարը։
Դասական երաժշտության կենտրոնի՝ Բեռլինի, խստապահանջ հանդիսատեսը նրա ելույթը ջերմ ընդունելության է արժանացել: Ելույթին անդրադարձել է Գերմանիայի հեղինակավոր օպերային պարբերականներից Der Opernfreund-ը: «Գևորգ Հակոբյանը հանդես եկավ որպես նոր Սկարպիա, նրա հարուստ ու առկայծող գույներով բարիտոնը, ինչպես նաև նրա ահազդու արտաքին տեսքն ու դերասանական խաղն անթերի են չարագործի երաժշտական կերպարի համար: Թեև կային խոսակցություններ, որ պետք է հանդես գար Լյուդովիկ Տեզյեն, սակայն հայազգի երգիչը որևէ հարցում չզիջեց և արդարացրեց բոլոր սպասումները»,- մասնավորապես նշել է պարբերականը:
Գևորգ Հակոբյանը 2023 թ. առաջատար դերերգերով հանդես է եկել Մադրիդի թագավորական և Թուրինի թագավորական օպերային թատրոններում, Արենա դի Վերոնայում, Վերոնայի Տեատրոյում, Մոսկվայի Մեծ թատրոնում և Կանզասի օպերային թատրոնում: