Հետևեք մեզ։

Ելցինի խորհրդատուն ասել է՝ չի լսել, որ նա որևէ բան ասի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

12:57, 26 հունվար 2024
Ելցինի խորհրդատուն ասել է՝ չի լսել, որ նա որևէ բան ասի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի անձնական խորհրդատու Իգոր Մինտուսովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ինքը չի լսել այնպիսի խոսակցություն, որտեղ նախկին նախագահը ԱՄՆ առաջնորդին պատմել է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։


Ավելի վաղ ամերիկյան կողմը գաղտնազերծել էր 1994 թվականին Ելցինի և ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի դեմ առ դեմ զրույցի սղագրությունը, որի ընթացքում ՌԴ ղեկավարը, իբրև թե ասել էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում Ռուսաստանի Դաշնությունը պետք է առաջինը միանա դաշինքին, որից հետո նրա օրինակին կհետևեին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մյուս պետությունները։


«Մենք նման խոսակցություն չենք ունեցել։ Սա այլ թեմա է՝ համեմատած այն խնդիրների հետ, որոնք մենք քննարկել ենք։ Ես դրա մասին ոչինչ չեմ լսել», - ասել է Մինտուսովը։


Նա այս պահին ձայնագրությունների գաղտնազերծման մեջ քաղաքական դրդապատճառ չի տեսնում, բայց դա կապում է այն բանի հետ, որ անցել է օրենքով սահմանված ժամկետը, որը թույլ չի տվել դա անել։ «Սա սուբյեկտիվ որոշման խնդիր չէ, այն, ինչ այսօր կամ երեկ որոշեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը... Խոսքը համապատասխան ժամանակահատվածի մասին է, ուստի այդ խոսակցությունների գաղտնագրումը հասանելի է դարձել հանրությանը և լրատվամիջոցներին, այսինքն սա քաղաքական որոշում չէ, համակարգային որոշում է, քանի որ նախագահների միջև նման խոսակցությունները միշտ սղագրվում են, և դրանք միշտ մնում են արխիվում և որոշ ժամանակ անց հրապարակվում են», - ասել է Մինտուսովը։