Հետևեք մեզ։

Արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել. ՄԻՊ

13:03, 26 հունվար 2024
Արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել. ՄԻՊ

«Հրապարակ» օրաթերթի` «ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին» վերտառությամբ հրապարակման` Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի հատվածը չի համապատասխանում իրականությանը:  Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։

 

«Հունվարի 26-ին վերոնշյալ օրաթերթի նյութերից մեկում նշվել է, իբր արցախցի դատավորները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն «վերջինս չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել»։

 

Պաշտոնապես հայտարարում ենք, որ արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել: Ավելին՝ ՄԻՊ աշխատակազմ հանդիպման առաջարկի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիմում չի ստացվել: 

 

Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանն առաջին այցելություններից մեկը կատարել է Արցախ, «որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել»: Հարկ ենք համարում հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանը նման այց չի իրականացրել՝ ԼՂ մուտք գործելու անհնարինությամբ պայմանավորված:  

 

Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն անձամբ են գտնվել Սյունիքում` Գորիսում և Կոռնիձորում, ինչպես նաև` Վայքում, այնուհետև անընդհատ այցեր են իրականացրել և իրականացնում ու հանդիպումներ են ունենում արցախցիների հետ` փորձելով լուծումներ գտնել նրանց իրավունքներին վերաբերելի խնդիրներին։

 

Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին»,-ասված է հայտարարության մեջ: