«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին լրանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Առաջիկայում ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի 3 հոգուց բաղկացած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկ, որից, ըստ կոնվենցիայի, պետք է ընտրություն կատարեն, թեպետ սովորաբար «ընտրվում» է այն թեկնածուն, որն ունի պետության «դաբրոն»։
Մեր տեղեկություններով, այդ թեկնածուն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, հենց նրան է Փաշինյանը որոշել գործուղել ՄԻԵԴ՝ թերեւս ըստ արժանվույն հատուցելով նրա ծառայությունների դիմաց։ 6 տարով ՍԴ դատավոր ընտրված, դրանից գրեթե մեկ տարին աշխատանքի չգնացած Վահե Գրիգորյանին, թերեւս, այլեւս չի բավարարում ՍԴ դատավորի բարձր կարգավիճակը:
Այս իշխանության ներկայացուցիչները, որպես կանոն, երկար չեն մնում ընտրովի պաշտոններում` նոր բարձունքների են ձգտում, եւ Գրիգորյանը որոշել է մեկնել Ստրասբուրգ` աշխատելու, մանավանդ` ՄԻԵԴ դատավորները մի քանի անգամ բարձր են ստանում, քան ՍԴ դատավորները։
Մեր տեղեկություններով, երկրորդ, այսպես կոչված, ֆիկտիվ թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանն է, ով 2016-2020թթ․ գլխավոր դատախազի տեղակալն էր, երրորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել։
Հունվարի 23-ին հայտարարել էին, որ արդեն ձեւավորվել է մրցութային հանձնաժողով, ցանկացողները կարող են դիմել։ Այս պաշտոնին կարող է հավակնել 65 տարին չլրացած, վերջին 10 տարում միայն ՀՀ գործունակ քաղաքացին, ով ունի «դատավորի, դատախազի, փաստաբանի կամ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի պաշտոնում աշխատելու, կամ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առնվազն 10 տարվա փորձառություն, կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձ»։ Կառավարությունից երեկ չասացին, թե քանի թեկնածու է դիմել, առաջարկեցին գրավոր դիմել։
Իսկ ՍԴ-ում Վահե Գրիգորյանին, մեր տեղեկություններով, կփոխարինի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։