Հետևեք մեզ։

Առաջիկայում նախատեսում ենք հիմնանորոգել Արթիկի՝ Ձեր անունը կրող մշակույթի կենտրոնը. Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 85 ամյակի կապակցությամբ

11:47, 27 հունվար 2024
Առաջիկայում նախատեսում ենք հիմնանորոգել Արթիկի՝ Ձեր անունը կրող մշակույթի կենտրոնը. Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 85 ամյակի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ։
 
«Հարգելի՛ վարպետ,
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առիթով: Գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի ցույց դնելու:
 
Ձեր անձնական կերպարը՝ համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է, որ պատկառանք է հարուցում: Ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետությունում Ձեզ այսքան շատ սիրում: Որովհետև Ձեր երաժշտության մեջ մարդիկ տեսնում և ճանաչում են իրենք իրենց, իրենց հույզերն ու զգացմունքները, ցավերն ու բերկրանքը, հիասթափություններն ու երազանքները: Ձեր ստեղծած երաժշտությունը հայաստանցիներն իրենցն են համարում, իրենցն են համարում նաև Ձեզ, և սա ստեղծագործողի, մտավորականի, քաղաքացու այն գերադրական գնահատականն է, որ հնարավոր է ունենալ:
 
Ինձ համար անմոռանալի են Ձեր պատմություններն Արթիկում ապրած Ձեր մանկական տարիների մասին: Առաջիկայում նախատեսում ենք հիմնանորոգել Արթիկի՝ Ձեր անունը կրող մշակույթի կենտրոնը, համապարփակ ծրագիր ներդնել այնտեղ, որ դրանում Ձեր անվանն արժանի կրթամշակութային միջավայր ձևավորվի և զարգանա:
 
Սիրելի՛ վարպետ,      
 
Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել: Վերստին շնորհավորելով, մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»։