Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քայլեր կձեռնարկի Բրատիսլավայի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին նա հայտարարել է TASR լրատվական գործակալության ցանցային հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Որպես կառավարության նախագահ՝ ես ուզում եմ ասել՝ այո, և ես կսկսեմ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կարգավորելու համար այնպես, ինչպես կարգավորել եմ հարաբերությունները Ուկրաինայի հետ», - նշել է Ֆիցոն։
Նրա խոսքով՝ ինքը հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին։ «Ես իսկապես ափսոսում եմ, որ այնտեղ պատերազմ է: Ես չեմ ուզում այս պատերազմը, ես մերժում եմ այն: Ես շատ ուրախ կլինեմ, եթե անհապաղ զինադադար լինի, և նրանք սկսեն բանակցությունները։ Ես ցանկանում եմ նորմալ հարաբերություններ պահպանել Ուկրաինայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, և ես դա ասում եմ շատ հստակ», - ասել է կառավարության ղեկավարը։