Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, զինծառայողներ, գիտության, արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և մի շարք զինծառայողներ: Բանակի օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: