Հետևեք մեզ։

Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դուստր Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարվել․ ԲԴԽ

11:13, 29 հունվար 2024
Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դուստր Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարվել․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն: 

«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում: 

Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված  քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է գործը: Միաժամանակ, դատավորը գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Նշենք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի դուստրն է: