Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները՝ սպառազինությունների վերահսկման ու չհարձակման պայմանագրի վերաբերյալ, քաղաքական հայտարարություններ են, դրանց համապատասխան քաղաքական անդրադարձ չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Եթե լինեն դրական ազդակներ, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,- ասել է նա և ընդգծել, որ Հայաստանը շարունակում է հետաքրքրված լինել հարևանների հետ հարաբերությունների կարգավորմամբ ու խաղաղության պայմանագիր կնքելով:
«Հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի (Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի- խմբ.) տեքստի լրամշակված տարբերակը: Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին»,- ասել է ԱԳ փոխնախարարը՝ հիշեցնելով ադրբեջանական կողմի հայտարարությունն առ այն, որ ՀՀ առաջարկներին պատասխանը կլինի մի շաբաթվա օրվա ընթացքում։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ՌԴ-ն ցանկանում է փոխել ՀՀ-ում իր դեսպանին, Կոստանյանը ասաց.
«ԱԳՆ-ն պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»։