Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այսօր կթողնի վարչապետի պաշտոնը։ Երկրի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ այդ որոշումը կայացվել է համատեղ։ Նա նշել է, որ երկու անգամ ղեկավարել է այդ պաշտոնում, իսկ այս տարի խորհրդարական ընտրություններ են, իսկ ինքը ստացել է «Վրացական երազանքի» նախագահելու առաջարկը, ինչին համաձայնել է։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքական թիմին ու Բիձինա Իվանիշվիլիին։
«Հույս ունեմ, որ հիմա ավելի շատ ժամանակ կհատկացնեմ ընտանիքիս։ Խսղաղություն, բարօրություն ու խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, Աստված լինի պահապանը», -խոսքը եզրափակել է Ղարիբաշվիլին։
Նշենք, որ վարչապետի լիազորությունները կդադարեն հրաժարական տալուց հետո, իսկ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։
Երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է հաստատի «Վրացական երազանքի» կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի առաջարկած նոր կառավարությունը։ Կառավարության կազմին զուգահեռ խորհրդարանում կներկայացվի կառավարության ծրագիրը։ Վստահություն ձեռք բերելու համար նոր կառավարությունը պետք է ապահովի 76 պատգամավորի աջակցությունը։
Իրակլի Ղարիբաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Ինքը՝ Իվանիշվիլին, դարձավ կուսակցության պատվավոր նախագահը, և փոփոխություններ կատարվեցին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ի կանոնադրության մեջ, ըստ որի՝ վարչապետի թեկնածուն առաջադրելու է ոչ թե կուսակցության նախագահը, այլ նրա պատվավոր նախագահը։ .