Երևանի Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության աշխատակիցները ակտիվ շրջայցեր և ստուգայցեր են իրականացնում՝ տնտեսվարողներին ծանուցելու իրենց օբյեկտներին հարող տարածքների ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու պարտականության վերաբերյալ և հետևելու դրա իրականացմանը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը պարզաբանեց, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականով, վարչական ղեկավարի անմիջական հսկողությամբ ու Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման շրջանակներում՝ տնտեսվարողները ձյան տեղումներից անմիջապես հետո պետք է իրականացնեին իրենց օբյեկտների դիմաց գտնվող տարածքի ձնամաքրման աշխատանքներ։
«Արաբկիր վարչական շրջանում կան մոտ 2500 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 2300-ն արդեն իսկ ծանուցված է։ Մոտ 150-ի ծանուցումն արդեն ընթացքում է, իսկ մոտ 50 տնտեսվարողի նկատմամբ արդեն հարուցված են վարչական վարույթներ։ Դրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, ովքեր խուսափում են իրենց պարտականություններից»,-տեղեկացրեց Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայում համապատասխան ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցերը։
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի խոսքով՝ իրենց աշխատակիցները յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի առձեռն հանձնել են ծանուցագրեր պարտականությունների վերաբերյալ, իսկ նրանք, ովքեր այդ պահին տարածքում չեն գտնվում, ծանուցվում են Հայփոստի միջոցով։
Մեր զրուցակիցը նշեց, որ ծանուցումից հետո պարտականությունները չկատարելու դեպքում վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով տնտեսվարողները ենթարկվում են պատասխանատվության՝ տուգանվելով 15 հազարից 20 հազար դրամի չափով։