Հետևեք մեզ։

Ռուսաստանում ձերբակալել են Արթուր Վանեցյանի եղբորը՝ Կարեն Վանեցյանին․ RBC

18:05, 29 հունվար 2024
Ռուսաստանում ձերբակալել են Արթուր Վանեցյանի եղբորը՝ Կարեն Վանեցյանին․ RBC

Մոսկվայի կենտրոնում իրավապահները ձերբակալել են «Exoil Group » հոլդինգի գլխավոր սեփականատեր Կարեն Վանեցյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ իրավապահների կողմից։

Այս մասին հայտնում է ռուսական RBC.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրին, որը հաստատել է տեղեկությունը։
 

Ըստ աղբյուրի՝  գործարարի ձերբակալության մասին Ռուսաստանը հայտնել է Հայաստանի իշխանություններին։

ՌԲԿ-ի աղբյուրները հայտնել են, որ Վանեցյանը հայտարարել է, որ գործազուրկ է։ 

Հիշեցնենք, որ դատախազությունը հայտնել էր, 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում): Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:

Հաղորդագրությունը մեկնաբանել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը․ «Ես մասնակից չեմ ո՛չ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ո՛չ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը: Բայց վստահեցնում եմ, որ Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է: Նույնիսկ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ նա որևէ ապօրինություն չի գործել»: