Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի հայտարարություններին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Հաջիզադեն ասել է, թե «Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի մշակման և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից»։
«Չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից ադրբեջանական կողմի կոչերին՝ հայկական կողմին վերջ դնելու իր սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներին, Հայաստանը դեռևս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ։
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, իր երկիրը վարում է ռազմականացման լուրջ քաղաքականություն, վերջին տարիներին կնքվել են պայմանագրեր մի քանի միլիարդ դոլարի զենքի մատակարարման, ռազմական արդյունաբերության զարգացման համար. Հայաստանի այն պնդումը, թե ինքը լրջորեն է վերաբերվում խաղաղ գործընթացին, քաղաքական շահարկում է», ասել է Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանն իր հերթին կշարունակի «խաղաղապահ ու ստեղծագործ ջանքերը և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»։