Հետևեք մեզ։

Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերը 2 ընկերների հետ ոստիկանի է ծեծել, ում աչքը հեռացրել են․ shamshyan.com

11:22, 30 հունվար 2024
Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերը 2 ընկերների հետ ոստիկանի է ծեծել, ում աչքը հեռացրել են․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 29-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձինք կասկածվում են այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 19 հասցեում գործող «Նուռ» սուպերմարկետի պահեստում նշված անձինք դաժան ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Կարեն Միրզախանյանին։

Վերջինս աչքի հատվածում ստացել է ծանր վնասվածք և տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց, որտեղ ծանր վիրահատության է ենթարկվել և աչքի մեկը հեռացրել են։ Նա ունի նաև այտոսկրերի կոտրվածքներ։

Այս պահին Կ. Միրզախանյանը գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում և շարունակում է բուժումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և դաժան ծեծի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։