Հետևեք մեզ։

Երևանի Ռուսական տունը «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանի պղծումից հետո դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

12:32, 30 հունվար 2024
Երևանի Ռուսական տունը «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանի պղծումից հետո դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը կապ է հաստատել ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ Երևանի «Պաշարված Լենինգրադի երեխաները»  հուշարձանի պղծումից հետո, գրում է Ռիա Նովոստին։


Ֆեֆիլովի հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 26-ին Ռուսական տունը կազմակերպել է հիշատակի միջոցառում՝ նվիրված Լենինգրադի պաշարման վերացման 80-ամյակին։ Երևանի՝ «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանի մոտ անցկացված միջոցառման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական տան, վետերանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի դպրոցների աշակերտները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին հուշարձանին։


Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացի Սամվել Շիրինյանը հունվարի 27-ին ցուցադրաբար պոկել և տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, ծաղկեպսակներ տապալել և տեղի ունեցածը տեղադրել Ռուսաստանի Դաշնության հասցեին վիրավորական մեկնաբանություններով TikTok սոցիալական ցանցում։


«Մենք անընդունելի ենք համարում ազգամիջյան ատելություն հրահրող և այլատյացության վրա հիմնված բռնության կոչերը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին արված հայտարարությունների կապակցությամբ: Խնդրում եմ ձեզ ԱՊՀ գործերի դաշնային գործակալության անունից, ստուգել Սամվել Շիրինյանի գործողությունները և իրավական գնահատական ​​տալ, նրան քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասված է Ֆեֆիլովի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հայտարարության մեջ։