Հետևեք մեզ։

Ես համառորեն, միևնույն է, ասելու եմ՝ հետևեք պաշտոնական լրահոսին․ Արման Սարգսյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին

12:12, 03 ապրիլ 2023
Ես համառորեն, միևնույն է, ասելու եմ՝ հետևեք պաշտոնական լրահոսին․ Արման Սարգսյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին

 

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ իրավիճակ է Սյունիքի մարզի Տեղ գյուղում, որտեղ ադրբեջանցիները առաջ են եկել։

Արման Սարգսյանը, սակայն, չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին ու հստակ տեղեկություններ հաղորդել և հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

«Եթե դուք համառորեն գաք, ես համառորեն, միևնույն է, ասելու եմ՝ հետևեք պաշտոնական լրահոսին»,-ասաց Սարգսյանը՝ դիմելով իր հետևից եկող լրագրողներին։

Հարցին՝ բանակի ձեռքերը ո՞վ է կապել, և ինչո՞ւ իրենց պարտականությունները չեն կատարում, Սարգսյանն ասաց․ «Ինձ է ուղղված․․․ Մեր ձեռքերը որևէ մեկը չի կապել, մենք մեր պարտականությունները կատարում ենք։ Ճանապարհ կտա՞ք։ Իսկ ինչո՞ւ դուք հիմա ձեր մարդկային պարտականությունը չեք կատարում և հիմա իմ ազատ տեղաշարժվելու հնարավորությունը սահմանափակում եք»։

Հարցրին՝ ինչո՞ւ ՀՀ զինված ուժերը իրենց պարտականությունները չեն կատարել և չեն կանխել միջադեպը, ինչո՞ւ են հերթական անգամ ադրբեջանցիները ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, Սարգսյանը պատասխանեց․

«Ուրեմն ես պատասխանում եմ հետևյալ կերպ․ պաշտպանության նախարարությունն ունի լրատվական ծառայություն, լրատվական ծառայությունը պարբերաբար, օպերատիվ կերպով արձագանքում է յուրաքանչյուր խնդրին և ներկայացնում է պաշտոնական տեղեկատվություն, որը հենված է վերլուծության, օպերատիվ տեղեկատվության, արդեն իսկ ստուգված տեղեկատվության վրա»։

Պաշտպանության փոխնախարարը վերջում հորդորելով դիմել ԱԱԾ-ին։