Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի և օտարերկրյա նվերների վաճառքի գործով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Dawn թերթը։
Ավելի վաղ Իմրան Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ բացահայտելու համար։ Այժմ նա 3 տարով ազատազրկման է դատապարտված կոռուպցիայի մեկ այլ գործով։
Դատավճիռը կայացվել է փետրվարի 8-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ։ Չնայած նախկին վարչապետին արգելվել է առաջադրվել այդ ընտրություններում քրեական գործով դատապարտված լինելու համար, այնուամենայնիվ, նա երկրում մնում է ազդեցիկ քաղաքական ուժ։
Խանը ղեկավարել է Պակիստանի նախարարների կաբինետը 2018-ից 2022 թթ․։ Կառավարության նախկին ղեկավարը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին, երբ նրան անվստահություն հայտնեցին։