Հետևեք մեզ։

Հայկական լեռնաշխարհը, այո՛, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն․ Ալեն Սիմոնյան

13:44, 31 հունվար 2024
Հայկական լեռնաշխարհը, այո՛, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն․ Ալեն Սիմոնյան

Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան Սահմանադրության փոփոխության մասին խոսակցությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«ՀՀ-ն հիմնվելուց ի վեր՝ իր փաստաթղթերի մեջ ունեցել և ունի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները, վերջին իրադարձությունները»,-ասաց նա և հավելեց, որ մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է ՀՀ-ի գոյությունը։

 

«Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք էն պատմական Մեծ Հայքն ու Փոքր Հայքը, թե՞ դա ՀՀ անկախության, սեպտեմբերի 21-ի մասին է, որտեղ մենք ստացանք անկախություն, թե՞ դա ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք: Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք, ես կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանները միանշանակ չեն այսօր մեր հանրության մեջ և դրա հետևանքով միանշանակ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ:

 

Չի կարող Հայաստանի Հանրապետությունը լինել ամորֆ բան, որևիցե մեկն այդ հարցում չի կարող ինձ հետ վիճել։ Չի կարող ՀՀ քաղաքացին չհասկանել և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքն ու վերջանում: Ես լուսանկար էի հրապարակել, որի համար ինձ մեղադրում են, բայց ես, որպես հայ, ասում եմ, որ Հայկական լեռնաշխարհը, այո՛, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որով մենք 1991 թվականին անկախացել ենք կոնկրետ սահմաններով և որի քաղաքացիներն ենք մենք՝ բոլորս, և դա պետք է հասկանալի լինի բոլոր փաստաթղթերով»:

 

Ինչ վերաբերում է այն ակնարկին՝ արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ԱԺ նախագահը նշեց. «Այսուհետ բոլոր այն դրվագներում, երբ ՀՀ պաշտոնյաններին նման հարց կտաք, իմացեք, որ նույն հարցը բարձրացվում է ՀՀ-ի կողմից։ Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն: Կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որը հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային: Եթե կա ինչ-որ ակնարկ, առաջարկ՝ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե ՛ ՀՀ-ին»։