Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, թե ըստ ՆԱՄԲԵՈ-ի՝ Հայաստանը աշխարհում 7-րդ անվտանգ երկիրն է:
«Փաստորեն անգամ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն է տարածել այն տվյալները, թե իբր Հայաստանը աշխարհում 7-րդ անվտանգ երկիրն է: Ըստ այդ ռեյտինգի թոփ 10ի մեջ են նաև Արաբական Միացյալ Էմիրություններն ու Քաթարը։
Այս երկու պետությունները խտրականացնում են կանանց ու խոցելի խմբերին, ձերբակալում են իշխանության քննադատներին, չկա խոսքի ազատություն, և այլն: Գոնե սա պետք է ցուցիչ լիներ, որ այս ռեյտինգն առնվազն արժանահավատ չէ:
Հայաստանում միայն նախորդ տարի եղել են ԼԳԲՏ անձանց սպանություններ ու ինքնասպանության հասցնելու դեպքեր, ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, ընդհուպ մինչև սպանություններ: Հայաստանի սահմանները անվտանգ չեն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պատճառով: Հայաստանում օդն աղտոտված է, կան բազմաթիվ հանքեր, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը: Սրանք, ի թիվս այլ հարցերի անվտանգության կարևոր բաղադրիչներ են:
Պետական մարմնի կողմից նման ոչ արժանահավատ ռեյտինգների տարածումը խոսում է նրա մասին, որ չկա բավականին ուշադրություն վերևում նշված խնդիրներին: Դրանք առաջնային չեն»,- գրել է նա: