Ադրբեջանում հերթական անգամ խոսում են ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին։ Այս անգամ այդ երկրի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի խոսքերը, նշելով, որ «լավ կլիներ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ կեղծ հայկական նարատիվների վրա հիմնված հարցերը»։
Ըստ նրա, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե «երբ Հայաստանն իր սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջներն իր հարևանների նկատմամբ»:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։
Նոր Սահմանադրություն ունենալու մասին Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին․«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։