«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի սաուդյան ակումբի և «Ինտեր Մայամիի» ընկերական հանդիպմանը, որի կազմում հանդես է գալիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է Goal-ը, փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն MLS-ի ակումբի հետ խաղում խաղադաշտ դուրս չի գա մկանային վնասվածքի պատճառով։ «Ալ-Նասրը» պատրաստ չէ վտանգի ենթարկել 38-ամյա ֆուտբոլիստի առողջությունը և թույլ չի տա նրան դուրս գալ խաղադաշտ։ Հիշեցնենք, որ թիմերի հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի վերջին։ Մեսսին ամերիկյան ակումբում է նախորդ տարվա ամառվանից։