Հետևեք մեզ։

ՌԴ ԱԳՆ-ն բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը

10:35, 01 փետրվար 2024
ՌԴ ԱԳՆ-ն բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա: Այս մասին Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։


Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա։


«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում, այդ փաստաթղթերից մի քանիսն ունեն հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ հարցը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին չի բարձրաձայնվում»,- ասել է Վասիլևը։


Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև նշել է, որ այն կատարվել է ճնշման ներքո։


«Շատ առումներով այս իրավիճակը և՛ արևմտյան երկրների ճնշման, և՛ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։


Վասիլևը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին։