Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ուղեհատվածում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները: Հարկ է նշել, որ արդեն մարտի 2-ից մետրոն աշխատել է բնականոն հունով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպին, փոխքաղաքապետ Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին:
«Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի, և այս հարցում մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ, խիստ այն առումով, որ շատուշատ շինարարներ կամ տարբեր ոլորտի մասնագետներ իմիջիայլոց են վերաբերում իրենց աշխատանքին: Այս տեսակի վերաբերմունքն աշխատանքին կարող է դրսևորվել ոչ միայն այստեղ, որն իրականում կարող էր բերել անվտանգության մեծ խնդիրների, այլև բոլոր ոլորտներում: Մենք չպետք է հանդուրժենք նմանատիպ վերաբերմունք, որովհետև դա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են ընթացիկ և նախանշվող ծրագրերը: Երևանի փոխքաղաքապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել ծրագրերի ժամկետներին և դրանք սահմանել խելամտության սահմաններում:
Երևանը պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհներն սպասարկող Ճանշին ընկերություն, որը տարին 12 ամիս զբաղվելու է փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումով, ճանապարհային նշանների և անվահրիչների պահպանմամբ ու սպասարկմամբ: Զեկուցվել է, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով նախորդ տարվանից մեկնարկել է ճանապարհափողոցային ցանցի՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների գույքագրումը, որը կավարտվի ընթացիկ ամսում:
Ընթացիկ տարում երևանյան տասը գետնանցումում կմեկնարկի հենաշարժողականության խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Նախագիծն առաջիկայում կդրվի մրցույթի:
Համայնքային ջերմոցատնկարանային տնտեսությունը կընդլայնվի, այդ նպատակով քայլեր արդեն ձեռնարկվում են: Տնկարանի նախկինում 5 հա տարածք զբաղեցնող, բաց մակերեսն այս տարվա գարնանային միջոցառումների շնորհիվ հասցվել է 10 հա-ի:
Մայրաքաղաքում ավարտվել է գարնանային էտը: Գործընթացն ընդգրկել է 55 փողոց և պողոտա, 131 բակային տարածք և 15 այգի:
Ապրիլի 12-ից մայրաքաղաքի նոր և գործող երթուղիներում կմեկնարկի ներկրված «MAN» և «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների շահագործման գործընթացը: Մինչև հունիսի սկիզբ նախատեսվում է երթուղի դուրս բերել 150 ավտոբուս: