Ադրբեջանում ևս առաջարկում են կիրառել զինծառայության այլընտրանքային տարբերակներ, ընդհուպ մինչև գումարի դիմաց զինծառայությունից ազատվելը։
Այս մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևը։
Պատգամավորն ասել է, որ Թուրքիայում զինծառայության հետ կապված մի շարք ժամկետներ են կիրառվում.
«Մենք էլ կարող ենք գնալ դրան։ Մեր երկրում զինծառայությունը սահմանվում է 1,5 տարի, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար՝ 1 տարի։ Այս ժամկետը կարելի է կրճատել՝ որոշակի միջոցներ վճարելով բյուջե»,- ասել է նա։
Ադրբեջանի Մեջլիսում հիշատակել են, որ նման մոդելի մասին քննարկումներ կան նաև Հայաստանում։