Հետևեք մեզ։

ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ կուսության ստուգումը ֆիզիկական բռնության ձև է և այն պետք է արգելել

16:38, 01 փետրվար 2024
ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ կուսության ստուգումը ֆիզիկական բռնության ձև է և այն պետք է արգելել

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատասխանել է իր, Զարուհի Բաթոյանի և Սոնա Ղազարյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության՝ ընտանիքի և սեռական հարաբերություններում անձանց վերաբերյալ տերմինների հստակեցման մասին հարցերին։


«Օրենսդրական արգելքն ընդհանրապես ֆիզիկական բռնության մասին է, ձեր նշած մասը (կուսության ստուգումը- խմբ․) նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։ Ուսումնասիրությունը ոչ միայն բժշկական հաստատություններից ազդակն էր, այլ նաև՝ հասարակական կազմակերպություններից»,-ասաց պատգամավորը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք կուսության ստուգումը, ինչպես ներկայացված է նախագծում, հանդիսանում է ֆիզիկական բռնություն։

Ըստ պատգամավորի՝ այն պետք է արգելել։


Նա նշեց, որ դեպքերի մասով թվեր չի կարող նշել․ «Մեր գործընկերներից մեկը պատմեց իր ծանոթի հետ կապված դեպքը։ Դուք հիմա վիճակագրություն եք պահանջում, որը գրանցման առիթ, որպես այդպիսին, նման պայման չի եղել, այդ դեպքերը չեն գրանցվել։ Դրանք եկել են այն քաղաքացիներից և կազմակերպություններից, որոնք առնչվել են»։


«Մշակութային կարևոր փոփոխություն է և այո, պետք է կարողանանք բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակության մեջ»,- ասաց նա։