Հետևեք մեզ։

Ինչու՞ պետք է ուրիշները թողնեն, որ այդ բանակը հզորանա, որն, օրինակ, պատմական արդարության հարց լուծի. Փաշինյան (տեսանյութ)

19:32, 01 փետրվար 2024

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Հանրային Ռադիո»-ին, որը ներկայացնում ենք հատվածաբար․

 

-Հիմա լեգիտիմության հարցն, իսկապես, կարևոր եմ համարում, որ ավելանա այս զույգին: Ինչո՞ւ, որովհետև և արտաքին հարաբերություններով, և բանակի կառուցման կոնտեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Ի՞նչ նկատի ունեմ լեգիտիմ նպատակ ասելով. լեգիտիմ, ընդ որում, ես նաև իմ ելույթում ընդգծեցի, միջազգային ընկալման տեսակետից, ոչ այնքան և ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, այլ միջազգային տեսակետից:

 - Արտաքին աշխարհի համար հասկանալի է այսինքն:

 – Այո, արտաքին աշխարհի համար հասկանալի է, և այստեղ խնդիրն, իրականում, մեր քննարկման նյութն ի՞նչն է, որովհետև եթե մեր ներքին ընկալման և արտաքին ընկալման միջև դիսոնանս կա, այդ դիսոնանսի մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը: Եվ անվտանգային սպառնալիքը հասցեագրելու համար այդ ճեղքը պետք է փակել՝ արտաքին ընկալման և ներքին ընկալման, լեգիտիմ ակնկալիքի և լեգիտիմ քաղաքականության:

 - Ըստ էության, բալանսավորել լեգիտիմության ներքին ընկալումները և արտաքին աշխարհի ընկալումները, որպեսզի խզում չառաջանա այս երկու հասկացությունների միջև:

  –Այո, խզում չառաջանա և այդ խզման տեղում չառաջանա այն նեգատիվ էներգիան, որը բերում է անվտանգային սպառնալիքի և դրա իրագործման: Հիմա որտե՞ղ ենք տեսնում կամ որտե՞ղ եմ տեսնում ես այդ լեգիտիմության սահմանը, որովհետև սա էլ է կարևոր, լեգիտիմությունը՝ լեգիտիմություն, բայց դա գործնականում ի՞նչ է նշանակում: Եվ մեր այս քննարկվող հարցի համատեքստում ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ: Եվ այս հենակետի վրա եմ ուզում մեկնաբանել նախորդ երկու հասկացությունների հետ կապված հարաբերությունը: Տեսեք, նախ մենք ընդգծում ենք, և յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ: Բայց այս հարցը հետագա քննարկման անհրաժեշտություն և կարիք ունի, որովհետև եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ:

Հիմա ավելի պարզ բացատրելու համար՝ ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և մեր երկրի տարածքը պաշտպանելու նպատակով: Իսկ այդտեղից հարց է ծագում՝ ո՞րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես ես անդրադարձել եմ՝ հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է: Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անում: Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի: Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան:

 - Բայց հիմա այդպիսի ուղերձներ չենք հղում չէ՞ աշխարհին:

  – Ես ասում եմ, որ մենք չպետք է աշխարհին հղենք այդպիսի ուղերձներ, բայց գիտեք ինչ, ես չեմ ուզում, որ այս խոսակցությունը լինի մեր ու աշխարհի միջև: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր միջև, որովհետև ես հիմա աշխարհի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Ձեզ հետ և Ձեր միջոցով՝ Հանրային ռադիոյի լսարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Սա շատ կարևոր նրբություն է, իմիջիայլոց, ես նաև լեգիտիմության առումով մի շատ կարևոր նրբություն ընդգծեմ: Մենք ներքին և արտաքին աշխարհի կամ ներքին և արտաքին խոսակցության խոսույթները նույնպես պետք է նույնականացնենք, որովհետև այստեղ նույնպես ճեղք առաջանալու դեպքում այդ ճեղքի մեջ առաջանում է, գեներացվում է էներգիա, որը խնդիր է առաջացնում մեր արտաքին անվտանգության համար: Եվ, հետևաբար, Ձեր առաջին հարցին պատասխանելով՝ ես ասացի ինչ նկատի ունեմ լեգիտիմություն ասելով: Ես նկատի ունեմ լեգիտիմություն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը և զարգացման համար բնականոն պայմաններ ապահովելը: