Հետևեք մեզ։

Երևանի ավագանին կքննարկի կիրակի «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ

19:42, 01 փետրվար 2024
Երևանի ավագանին կքննարկի կիրակի «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ

Երևանի ավագանու փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, Երևանի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը լրացնել վերոնշյալ առաջարկով նոր ենթակետով։