Մարտի 30-ին Վայք համայնքի Սերս բնակավայրի բնակիչ Արմեն Բենիամինյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Արենի համայնքի աշխատակազմի ղեկավար, համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ. Սիմոնյանը հարվածել է իր անչափահաս որդու ծոծրակին, իսկ նախկին կնոջ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Է. Մանուկյանը, իրեն ծեծի է ենթարկել՝ հարվածներ հասցնելով գլխին: Ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ: Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Սիմոնյանը Aravot.am-ին պատմել է, որ Բենիամինյանը ալկոհոլի հետ սեր ունեցող անձնավորություն է, ու տարիներ առաջ էլ ալկոհոլի ազդեցության տակ մեքենայի ղեկին վթարի ենթարկեց իր հետ մեքենայում գտնվող կնոջն ու փոքրիկ երեխային . «2 տարի առաջ հարբած ղեկին է եղել, մեքենան վթարի է ենթարկվել, կողքին նստած է եղել կինը՝ գրկում 5 տարեկան երեխան, որը տեղում մահացավ: Կինն էլ հղի էր, կորցրեց նաեւ այդ երեխային ու հրաշքով ողջ մնաց: Այդ դեպքից հետո ամուսինը կնոջը տանից հանել է դուրս, երկու դպրոցահասակ տղաներին էլ ինքն է պահում»:
Զրուցակիցը պատմել է, որ միջադեպը եղել է մոր հետ տղաների հանդիպումը կազմակերպելու ժամանակ, որը տեղի է ունեցել վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրում: Այդ օրը, ըստ Սիմոնյանի, Բենիամինյանը նորից հարբած է եղել ու սադրել, կռիվ հրահրել: Թեեւ նախապես խոստացել է դատարանում, որ չի խանգարի նախկին կնոջ հետ երեխաների հանդիպմանը, սակայն հանդիպման օրը անընդհատ շտապեցրել է երեխաներին՝ ասելով, թե տեղ ունի գնալու: Ամենավերջին անպարկեշտ հայհոյանքներն է հնչեցրել, հետո վեճի բռնվել նախկին կնոջ եղբոր հետ, որին միջամտել է նաեւ նրա դպրոցահասակ որդին՝ հայհոյանքներ ու հարվածներ հասցնելով քեռուն. «Այդ երեխաներն ամբողջությամբ հոր ազդեցության տակ են, ասեմ, որ մոր հետ հանդիպումից էլ առանձնապես ուրախ չէին: Ես ընդամենը, երբ տեսա՝ ինչպես է այդ երեխան հարձակվել քեռու վրա, նրան ձեռքով հետ պահեցի, ականջին էլ շշնջացել եմ՝ մայրդ է այստեղ: Քեռուն հայր եւ տղա այնքան հարվածեցին, որ նա գլխի շրջանում վնասվածքներ է ստացել, արյուն էր գլխից գալիս: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, քննությունը թող պարզի, ես հարվածե՞լ եմ, թե՞՝ ոչ: Կամ ով, ինչ մեղավորության բաժին ունի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: