Սլովակիայում հազարավոր մարդիկ մասնակցել են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության դեմ բողոքի ակցիաներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Fox News-ը:
Երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում շուրջ 30 հազար ցուցարարներ փողոց են դուրս եկել։ Ակցիայի մասնակիցները բողոքում են վարչապետի ծրագրի դեմ, որով նախատեսվում է վերացնել հատուկ դատախազի գրասենյակը, որը զբաղվում է խոշոր հանցագործություններով և կոռուպցիայով։
Խորհրդարանը դեռ քննարկում է այս օրինագիծը, սակայն իշխող կոալիցիան հատուկ ընթացակարգ է հաստատել, որի միջոցով կարելի է արագ ընդունել փոփոխությունները՝ առանց երկար քննարկումների։
Ընդդիմադիր կուսակցությունների կոչով ցույցեր են տեղի ունեցել նաև Սլովակիայի 31 քաղաքներում և, ինչպես նշում է dpa գործակալությունը, դրանք ամենազանգվածայինն են դարձել անցյալ տարվա դեկտեմբերին բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր։
Իր հերթին TASR գործակալությունը հայտնում է, որ Սլովակիայի ցուցարարների հետ համերաշխության ոչ մեծ ցույցեր են անցկացվել նաև Պրահայում, Բրյուսելում, Փարիզում և եվրոպական մի շարք այլ քաղաքներում։