Հետևեք մեզ։

ԵԽ նախարարների կոմիտեն համաձայնության է եկել ՀՀ-ի հետ, որ եղբորս մահվան գործով ՀՀ-ը կոնկրետ անելիք չունի․ Ծովինար Նազարյանն ահազանգում է՝ ՀՀ կառավարությունը կոծկել է եղբոր մահվան մեջ մեղավորներին

13:53, 02 փետրվար 2024
ԵԽ նախարարների կոմիտեն համաձայնության է եկել ՀՀ-ի հետ, որ եղբորս  մահվան գործով ՀՀ-ը կոնկրետ անելիք չունի․ Ծովինար Նազարյանն ահազանգում է՝ ՀՀ կառավարությունը կոծկել է եղբոր մահվան մեջ մեղավորներին

Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, հանդես է եկել հրապարակմամբ եղբոր մահվան գործի վերաբերյալ, որը, ինչպես ինքն է նշում, 14 տարի անց չի բացահայտվել։ 


Ծովինար Նազարյանի՝ լրատվամիջոցներին տրամադրված տեղեկատվությունը՝ ստորև․


ՀՀ կառավարությունը 14 տարում առավելագույնն արեց՝ եղբորս՝ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ-Հովհաննես Նազարյանի մահվան հանգամանքները եւ դրա մեղավորներին կոծկելու համար և հասավ հաջողության։ Ցավալիորեն, դա տեղի ունեցավ ոչ առանց իմ պայքարի որոշ նախկին համախոհների։ 

Հիշեցնեմ՝ Արտակ Նազարյանը սպանվել էր Տավուշի սահմանային դիրքում՝ ադրբեջանական երեք հենակետերի տեսադաշտում՝ 2010 թվականի հուլիսի վերջին։ Բեմադրվել էր ինքնասպանություն, բայց մահվան գործիքի վրա չէին հայտնաբերվել լեյտենանտի մատնահետքերը, գլխարկը անշարժ եւ անբիծ էր մնացել կրակոցից հետո, տեղում հայտնաբերված պարկուճի փոխարեն հետաքննվել էր այլ համարի պարկուճ, իսկ ձեռքն արհեստականորեն փայտացել էր ինքնաձիգի վրա՝ փոխանակ կրակոցի արդյունքում կողքի ընկներ։ Կեղծվել էր ինքնասպանության գրություն և ի հայտ բերվել մահից միայն 14 օր հետո։ Քրեական գործի սցենարը գծվել էր վկաներին ապօրինի ազատազրկելու եւ բռնությունների գնով։ 

Գործի քննության այս եւ այլ բազմաթիվ խախտումներ անտեսվել էին ներպետական դատարաններում եւ ուշադրության արժանացել Եվրոպական դատարանում, որը 2022թ․ նոյեմբերի 8-ին գործով վճիռ կայացրեց՝ արձանագրելով պետության կողմից Արտակ Նազարյանի կյանքի իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի խախտումները։ 

Թեպետ մենք այդպես էլ չստացանք վճռի օրինակը, պատշաճ ժամկետում դիմեցինք Վճռաբեկ Դատարան՝ խնդրելով բեկանել եղբորս գործով իր իսկ կայացրած 2013թ․ որոշումը, ինչը հնարավորություն կտար վերաբացել գործը եւ սկսել նոր քննություն։ Մեր դիմումի հիմքում ընկած էր Եվրադատարանի որոշումը, թեպետ որն այդքան էլ միանշանակ չէր մեզ համար, ինչպես նաեւ անկախ դատաբժշկի այլընտրանքային եզրակացությունը, որ մահը կարող էր վրա հասած լինել բռնության արդյունքում եւ պաշտոնական օրվանից մեկ օր առաջ։ 

Վճռաբեկ դատարանը որոշում ընդունեց քննության առնել մեր դիմումը։ Ես եւ մայրս այդ մասին տեղյակ պահեցինք լայն հանրությանը՝ «Հերթը դատախազությանն է» վերնագրով հայտարարություն տարածելով 2023-ի հուլիսին։ Մենք ակնկալում էինք, որ գլխավոր դատախազությունը հանդես կգար Արտակի սպանության հետաքննության նախաձեռնությամբ՝ ելնելով Եվրադատարանի որոշումից եւ Եվրադատարան ներկայացված այլընտրանքային դատաբժշկական փորձաքննության բարձրացրած կասկածներից։ Միաժամանակ սպասում էինք Վճռաբեկի դատական նիստին հրավեր-ծանուցմանը։ 

Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը՝ տուժող կողմին մեկուսացնել գործի քննությունից։ Սեպտեմբերի 8-ին բրյուսելյան իմ բնակարանի փոստարկղում գտա Վճռաբեկ դատարանի ծանուցում-հրավերը՝ մասնակցելու մեր բողոքի քննության նիստին, որը նշանակված էր․․․ սեպտեմբերի 1-ին։ Նամակը թվագրված էր օգոստոսի 25-ին։ Մայրս, որ ապրում է Երևանում, ոչ մի ծանուցում չէր ստացել։ Նրա զանգերին Վճռաբեկի գրասենյակում համառորեն պատասխանում էին, թե հետեւեք Դատալեքսին։ Իսկ Դատալեքսում նիստի մասին տեղեկություն կար միայն նիստերի օրացույցում, բայց ոչ մի լուր՝ արդյոք նիստը կայացե՞լ է, արդյոք նո՞ր նիստ է նշանակվել, թե՞ վճիռ է ընդունվել։ Միայն իմ գրավոր ու կտրուկ նամակից հետո պատասխան ստացա քրեական պալատի նախագահից, որ որոշում  է ընդունվել մերժել մեր դիմումը։ 

Որոշման բովանդակությանը պետք է ծանոթանայինք Դատալեքսում։ Մինչեւ այսօր Վճռաբեկ դատարանի այդ որոշումը հրապարակված չէ։ Հավանաբար բարձրաստիճան իրավագետ այրերը դեռ մտորում են, թե ինչ հիմնավորումներ գրեն այդ որոշման մեջ։ 

Մինչ սպասում էի Վճռաբեկի որոշման հրապարակմանը, տեղեկացա, որ 2023-ի դեկտեմբերին Եվրախորհրդի (փոխ)նախարարների կոմիտեն՝ առանց տեսնելու Վճռաբեկի այդ որոշումը, այսինքն առանց տեսնելու այդ որոշման հիմնավորումները՝ համաձայնության է եկել Հայաստանի Հանրապետության հետ, որ եղբորս գործով ՀՀ-ը որեւէ կոնկրետ անելիք չունի, բացի ընդհանուր բարեփոխումները բանակում։ 

Այսպիսով՝ «նախկին» անարդար համակարգին հաջորդող «աննախադեպ» համակարգը մնաց նույնքան անարդար, միայն թե ավելի վարժ շարժումներով իրավական փաթեթավորում տվեց անարդարությանը, այն էլ՝ միջազգայի՛ն փաթեթավորում։ 

Այսպիսով, «հեղափոխական» կառավարությունը, որի մի քանի անդամներ ինձ հետ նույն իրավապաշտպան պայքարի դիրքերում էին մի ժամանակ, իրենց ձեռքերին առան եղբորս անմեղ արյունը։ 

Իմ երբեմնի հասարակական գորունեությանը ծանոթ մարդիկ գիտեն, որ Արտակի գործը սկզբունքային էր բանակում մարդու իրավունքների բարելավմանն ուղղված հասարակական պայքարում, եւ ես էլ այդ պայքարում քիչ դեր չեմ խաղացել, ուստի իմ պարտքն է լայն հանրությանը տեղեկացնել այս գործի ճակատագրի մասին։ Այս գործով արդարության կայացումը նախապայմաններ կստեղծեր բանակում մարդու իրավունքների բարելավման եւ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման համար, ինչը շարունակում է արդիական մնալ առ այսօր։ 

Հասկանալով լրատվամիջոցների զբաղվածությունը այս օրհասական ժամանակներում՝ այնուամենայնիվ, գտնում եմ, որ լրատվամիջոցները նույնպես պարտք ունեն հանրության առաջ՝ նրան տեղեկացնել 13 տարուց ավելի նրա ուշադրությունը զբաղեցրած, նրանից աջակցություն ու հույզ քաղած այս գործի դառը ճակատագրի մասին։  

Ծովինար Նազարյան

ՏԴ 0117/01/11 գործով տուժողի իրավահաջորդ

Երևան, 01․02․2024