Հետևեք մեզ։

Գիշերօթիկ հաստատությունները լուծարելու շտապողականությունը եթե չլիներ, քույր և եղբայր Միրոնյուկներն այսօր կարող էին ողջ լինել․ «Հետք»

20:08, 02 փետրվար 2024
Գիշերօթիկ հաստատությունները լուծարելու շտապողականությունը եթե չլիներ, քույր և եղբայր Միրոնյուկներն այսօր կարող էին ողջ լինել․ «Հետք»

Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ժաննա Սիմոնյանի թոռները երկու տարի էր, ինչ գտնվում էին Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում, երբ կառավարությունը որոշեց լուծարել այն։ Երեխաներին տուն ուղարկեցին լուծարելուց երեք ամիս առաջ։ Տատի հետ նույն բնակարանում ապրող չորս անչափահաս թոռները երկու ամիս հետո մահացան շմոլ գազի թունավորումից։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզեց, որ երեխաների խնամակալ 77–ամյա տատիկը ծանր հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի են խնամարկյալի կարգավիճակի համար։ Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնողները վստահեցնում էին, որ որոշումները կայացվել են յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի կարիքների խորքային գնահատման հիման վրա։ Միասնական սոցիալական ծառայությունը եզրակացություն չի տվել այս ընտանիքի համար։

2019թ.-ի նոյեմբերի 15-ին Նոր Հաճն քաղաքի իրենց տանը շմոլ գազի թունավորումից մահացան տանտիրուհին՝ 77–ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա անչափահաս թոռները՝ էդուարդ, Տիգրան, Ժաննա և Սերինե Միրոնյուկները (երեխաների մայրն ուկրաինուհի է, նրանք ծնվել են Ուկրաինայում եւ կրել մոր ազգանունը-խմբ.)։ Երեխաներից երկուսը՝ 15–ամյա Տիգրանը և 14–ամյա Ժաննան, այդ ժամանակ դեռևս «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության» սաներ էին համարվում և գտնվում էին պետության պաշտպանության ներքո․ այս մասին գրում է «Հետք»-ը։

Նրանք գիշերօթիկ հաստատություն էին տեղափոխվել դեպքից երկու տարի առաջ տատի՝ Ժաննա Սիմոնյանի դիմումի հիման վրա։ 2019թ․ հոկտեմբերի 31–ին կառավարությունը որոշեց լուծարել Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու գիշերօթիկ հաստատությունները, Վանաձորի մանկատունը և երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ։ Որոշումն ուժի մեջ մտավ դեկտեմբերի 1–ին, բայց դպրոցի սաներին ամիսներ առաջ էին տուն ուղարկել։ 

Երեխաների հորեղբայրը՝ Աշոտ Մարգարյանը, «Հետք»–ին պատմեց, որ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրենը կանչել և հայտնել է, որ երեխաներին պետք է տուն տանեն։ Ինքը դեմ էր երեխաներին տուն ուղարկելուն։ «Եղբորս երեխաները շատ խելացի էին ու աշխույժ, հատկապես Տիգրանն ու Ժաննան։ Այդ պատճառով որոշեցինք նրանց տեղավորել գիշերօթիկում, քանի որ մայրս այդ տարիքում և առողջական այդ խնդիրներով անկարող էր վերահսկել բոլորին»,– ասաց Աշոտ Մարգարյանը։ Նա միանշանակ անընդունելի է համարում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունները լուծարելու որոշումը, եթե այդպես չլիներ, երեխաներից գոնե երկուսը ողջ կլինեին այսօր։   

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, նաև՝ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նախագահը, դեպքից ժամեր անց ֆեյսբուքի իր էջում գրեց․ «Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը, գիշերօթիկի սան են եղել ․․․ երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին: Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը, և ես՝ անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն ․․․»:  

Իրավապահ մարմինները հարուցված քրեական գործի շրջանակում քննության չեն առել, թե ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով են երեխաներին տուն ուղարկել գիշերօթիկ հաստատությունը լուծարելուց երեք ամիս առաջ։ Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի երկու դեռահասների մահվան համար, որոնք այդ ժամանակ, դե յուրե գիշերօթիկ հաստատության սաներ էին։

որ Հաճնի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2013թ․–ի ապրիլին Ժաննա Սիմոնյանին, իր դիմումի հիման վրա,  ճանաչել էր թոռների խնամակալ։ Ժ․ Սիմոնյանը խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին (ԽՀՀ) հայտնել էր, որ արդեն 6 ամիս երեխաների միակ խնամողն ինքն է։ Որդին ու հարսը ամուսնալուծվելուց հետո հեռացել են Հայաստանից՝ իր խնամքին թողնելով չորս անչափահաս երեխաներին։ 

Նրանց խնամակալությունը ստանձնելուց չորսը տարի հետո Ժաննա Սիմոնյանը Կոտայքի մարզպետին խնդրել է թոռներից երկուսին՝ 13–ամյա Տիգրանին և 12–ամյա Ժաննային ընդունել Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։ 

«Իմ խնամակալության տակ գտնվող երեխաները՝ Տիգրան և Ժաննա Միրոնյուկները, բավականին ժամանակ է ինձ հետ են ապրում, բայց ես այժմ հիվանդ եմ և տարիքով։ Ճնշումս բարձր է և տատանվող, ունեմ նաև ոտքերի արտահայտված հիվանդություն, որոնց պատճառով հնարավորություն չունեմ և շատ-շատ դժվարանում եմ տեղը–տեղին պահել, անել այն, ինչ պահանջվում է դպրոցի կողմից և որպես խնամակալ երեխաներին անհրաժեշտ հարցերով զբաղվելու»,– խնդրանքը հիմնավորել է տատը։ 

2017թ․ սեպտեմբերի 20-ին Կոտայքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Տիգրան և Ժաննա Միրոնյուկներին բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու մասին դրական եզրակացություն է տվել՝ անհնարին համարելով երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելը։ Մարզպետարանի որոշման համար հիմք են հանդիսացել Ժ․ Սիմոնյանի դիմումը, Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալության  նախնական եզրակացությունը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետների ուսումնասիրության արդյունքները, ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված լինելը։ 

Երեխաների անձնական գործին կցված է Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետի նախնական եզրակացությունը։ «Տնային այցելությունից պարզվեց, որ Ժաննա Սիմոնյանը 2013թ․-ից կարողացել է հոգալ դեռահասների կարիքները և լուծել նրանց խնդիրները։ Այժմ Ժ․ Սիմոնյանն ունի առողջական խնդիրներ և չի կարողանում զբաղվել դեռահասների խնամքով։ Ընտանիքի կարիքների գնահատման արդյունքում, ելնելով ընտանիքի կենսապայմաններից, Ժ․ Սիմոնյանի առողջական վիճակից՝ առաջարկում եմ, հնարավորության դեպքում, Ժաննա Միրոնյուկին և Տիգրան Միրոնյուկին ուղեգրել բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն»,– գրված է ՍԱՏԳ եզրակացության մեջ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությունը 2023թ․ հունիսին մեր գրությանը պատասխանել էր, որ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից կենսաբանական ընտանիքների հետ երեխաների վերամիավորումն իրականացվում է մարզպետարանների համապատասխան բաժինների եզրակացությունների հիմքով։ Այն ձևավորվում է՝ հիմք ընդունելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների նախնական դրական եզրակացությունը և երեխայի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները։   

Միրոնյուկների գործերում նրանց ընտանիք վերադարձնելու մասին խնամակալի դիմում և մասնագիտական եզրակացություններ չկան։ Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ գիշերօթիկ խնամքի հաստատությունից երեխաները վերադարձվել են կենսաբանական ընտանիք՝ հիմք ընդունելով գիշերօթիկ հաստատությունը լուծարելու մասին կառավարության որոշումը և օրինական ներկայացուցչի դիմումը։ «Մասնագիտական եզրակացությունների համար հիմք են հանդիսացել օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու մասին և կառավարության վերոհիշյալ որոշումը»,– հայտնում է մարզպետարանը:

Երեխաներին գիշերօթիկ ընդունելիս Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը Ժաննա Սիմոնյանին գրավոր նախազգուշացրել է, որ երեխաներին Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանց ընտանիք են վերադարձնելու։ Իհարկե, եթե նա չխուսափի խնամարկյալներին ընտանիքում պահելուց, հակառակ դեպքում երեխաների հետագա խնամքի տրամադրման այլ ձևեր կընտրեն։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս կարևոր և պատասխանատու ծրագիրը մեկնարկելիս վստահեցնում էր, որ երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելուց առաջ համակողմանի գնահատել են գիշերօթիկ հաստատությունների երեխաների և նրանց ընտանիքների կարիքները: «Եթե պարզվի, որ ընտանիքը պատրաստ չէ անգամ աջակցություն ստանալու պարագայում երեխայի խնամքով զբաղվելու, կամ երեխայի կյանքին վտանգ է սպառնում ընտանիք վերադառնալու պարագայում, ապա այդ երեխաները տեղավորվելու են ճգնաժամային աջակցության կենտրոնում»,– Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում պատասխանել են հարցով մտահոգ քաղաքացիներին:

Եթե ընտանիք վերադարձնելուց առաջ ծանոթանային երեխաներին գիշերօթիկում տեղավորելու վերաբերյալ Ժ․ Սիմոնյանի դիմումին, մեկ անգամ կայցելեին նրան՝ պարզելու, թե առողջական ինչ վիճակում է դրանից երկու տարի անց։ Տեղի ունեցած ողբերգությունը բացահայտեց, որ խնամակալ տատիկի առողջական վիճակը, ինչպես նաև կենցաղային ոչ բավարար պայմանները խոչընդոտ էին երեխաներին ընտանիք վերադարձնելու համար։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։