Հետևեք մեզ։

Հայաստանում 2023-ին մահվան ելքով վթարի 204 դեպք է գրանցվել․ Սուրեն Պապիկյանը ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերը համեմատեց վթարի հետևանքով մահվան դեպքերի հետ

23:05, 02 փետրվար 2024
Հայաստանում 2023-ին մահվան ելքով վթարի 204 դեպք է գրանցվել․ Սուրեն Պապիկյանը ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերը համեմատեց վթարի հետևանքով մահվան դեպքերի հետ

Ամենացավալի խնդիրն է, որին դուք անդրադառնում եք, մենք հսկայածավալ աշխատանք ենք կատարում։ Բայց ես կուզեմ անդրադառնալ այս խնդրի մի քանի այլ ասպեկտի, որովհետև ԶՈՒ-ի ամենամեծ խնդիրը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են։ Խոսքը վերաբերում է  ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքերին։ Բայց երբ խոսում ենք բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թվերի մասին և հղում ենք անում վիճակագրությանը, այստեղ որոշակի այլ թվերի է անդրադարձ կատարվում։  Երբ մենք նայում ենք վիճակագրությունը,  ցույց է տալիս, ոչ միայն սպանություններն ու ինքնասպանությունները, այլև տեսնում ենք նաև ճանապարհային պատահարների դեպքերը, հիվանդության և այլն։ Օրինակ, մեր վիճակագրության մեջ ներառված ՃՏ պատահարները․ հասարակությունը, երբ լսում է թվերը, թվում է, թե բոլոր դեպքերը սպանության կամ ինքնասպանության դեպքեր են։ Ես թվեր ներկայացնեմ․ Հանրապետությունում, օրինակ, 2022-ին 193 մահվան ելքով վթար է գրանցվել, 2023-ին՝  204, զինված ուժերում այդ դեպքերի մասնաբաժինը 12-ն է 2023-ին, իսկ 17 դեպք՝ 2022-ին։ Այսինքն, սա նույնպես ներառվում է  մեր նշած թվերի մեջ»,-բառացիորեն այսպիսի պատասխան տվեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրայինի եթերում՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի՝ ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի մասին  հարցին։

Պապիկյանն ասաց, որ իր ելույթներում վերջերս խոսել է, որ բանակը հասակարության մի մասն է, և հանդիսանում է հասարակության հայելին․ «Սպանության ու ինքնասպանության դեպքերը երբ տեղի են ունենում սովորական կյանքում, մենք դրան ուշադրություն չենք դարձնում, բայց սրանք իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա»։

Դիտարկմանը, թե սա չի հնչում որպես ինքնաարդարացում, Պապիկյանն ասաց, որ ինքն արդարացման միտում չունի, այդ թվերը որոնք վերաբերում են բանակում ոչ կանոնադրային հարաբերություններին, այլ հարցերի, իրենք այդ խնդիրներից չեն փախչում և գնում են դրանց հետևից։

«Այդ հետևողականությունն իր արդյունքներն ունենալու է, իսկ նախկինում տեղի ունեցած դեպքերի թվի մասին չեմ խոսում։ Զինվորը, երբ գալիս է բանակ, իր հետ բերում է բարքեր, մեր խնդիրն է զինվորին դարձնել կարգապահ և մարդուն հասցնել տուն, բայց նաև ուզում եմ, որ խնդիրներին նայելիս ունենանք օբյեկտիվություն»,-ասաց Պապիկյանը։