Ապրիլի 2-ը նոր էր սկսվել, երբ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց հաղորդում. որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն էր դիմել 22-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Չերազի փողոցի բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել 22-ամյա երիտասարդին: Մինչ կպարզվեր այդ հանգամանքը, Շիրակի պարեկները Չերազի փողոցից Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի: 23-ամյա երիտասարդը դեմքի վնասվածքով էր. նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանք նույն վիճաբանության մասնակիցներ էին: