Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակը կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա նախատեսվող այցի թեմաներից մեկը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հացահատիկային գործարքը միշտ մեր օրակարգում է։ Պարոն Պուտինը և մեր նախագահն անպայման կքննարկեն այս հարցը։ Սա մի հարց է, որի շուրջ մենք արդեն բանակցում ենք Ռուսաստանի հետ։ Մասնավորապես, բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի առանցքի երկայնքով։ Այստեղ մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք մշակել հացահատիկի համաշխարհային շուկաներ տեղափոխելու նոր եղանակ՝ օգտագործելով Սև ծովի վրա հիմնված տրանսպորտային լոգիստիկ գիծը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Սոչիում՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում ևս հացահատիկի հարցը ներառված էր, սակայն այն արդյունք չտվեց։
Նշենք, որ Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքը կնքվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում 2022-ի հուլիսի 22-ին։ Պայմանագրի ժամկետն ավարտվել է 2023-ի հուլիսի 17-ին։
Այդ օրերին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան ասել էր․«Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ի քարտուղարությանը «հացահատիկային գործարքին» վերաբերող առարկությունների մասին»։