Հետևեք մեզ։

Նոր Արեշում պայթյուն է տեղի ունեցել․ կա երկու զոհ․ թարմացվում է (տեսանյութեր)

12:55, 05 փետրվար 2024
Նոր Արեշում պայթյուն է տեղի ունեցել․ կա երկու զոհ․ թարմացվում է (տեսանյութեր)

 

16։20- Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած փլուզման հետևանքով փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու մարմին։  Փրկարար ծառայության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ մահացածներից մեկը կին է, մյուսը՝ տեղամարդ։

14:52- Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է:

Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
 

14:48- Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 

14։30- Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները հեռախոսազանգի միջոցով փորձում են տեղայնացնել որոնվող քաղաքացուն. 

Բոլորին եմ զգուշացնում` անջատեք հեռախոսները.ինչպես են փրկարարները փլատակներում քաղաքացիներին որոնում

 

13։30- Նոր Արեշում քաղաքացիներից երկուսին դուրս են բերել փլատակներից

 

12:55- Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած: 

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։