«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու պարագայում առարկայից դուրս չի մնալու այն բովանդակությունը, որը կազմում է պատմության մասը, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծի շուրջ առաջացած դժգոհությունների վերաբերյալ:
Ըստ նախարարի՝ սա նոր հարց չէ, ակադեմիական որոշ շրջանակներ այս հարցին անդրադարձել են անկախությունից հետո, երբ առարկայի վերաիմաստավորման խնդիր են դրել: Երկրորդ անգամ հարցն ավելի լայն քննարկվել է, երբ հանրակրթության պետական նոր չափորոշիչն էր քննարկվում:
«Ես այս բոլոր քննարկումներից հանգել եմ մի եզրակացության, որ առարկայի անվանումն ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ: Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը: Կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Սա ամենևին բովանդակության մասին չէ, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»,-ասաց նախարարը:
Նա շեշտեց՝ պատմության ուսուցանումն ունի կոնկրետ նպատակ: «Ամեն երկրում պատմության ուսուցանումն առաջին հերթին այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է: Եվ առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ՝ անկախ նրանից՝ այդ ժամանակահատվածներում պետությունը եղե՞լ է, թե՞ չի եղել»,-նշեց Անդրեասյանը:
Նախարարն այսօրվա դասագրքերում նկատել է խնդիրներ, որոնք պետական մտածողության բացակայություն են սերմանում աշակերտների մոտ:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ընդգծեց, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft հարթակում, որտեղ ներկայացվել է նախագիծը, արձագանքները հիմնականում բացասական են: