Օչամչիրի վերածումը ռուսական նավատորմի բազայի վտանգ է ներկայացնում Սև ծովի ռազմավարական հեռանկարի համար։ Այս մասին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին ասել է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել Վրաստանի դեմ՝ «չնայած Ուկրաինայում նրա ձախողմանը»։ Ըստ նրա՝ «այս հիբրիդային պատերազմի ռազմավարությունը հիմնված է տարբեր սադրանքների վրա, ինչպիսիք են թռիչքների վերսկսումը, ռուսական զբոսանավի ժամանումը Բաթումի և Ստալինին պատկերող սրբապատկերի տեղադրումը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում»։
Նշենք, որ Վրաստանի նախագահը խորհրդարան է գնացել՝ ներկայացնելու 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։
«Մթավարի արխի» հեռուստաալիքի տեղեկություններով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները խախտել են կարգը և ոտքի չեն կանգնել, երբ նախագահ Զուրաբիշվիլին մտել է նիստերի դահլիճ։