Հետևեք մեզ։

Իրանը ռազմական և քաղաքական քայլերով ցույց է տվել՝ սահմանների փոփոխություններ չի հանդուրժի. Սոբհանի

16:46, 06 փետրվար 2024
Իրանը ռազմական և քաղաքական քայլերով ցույց է տվել՝ սահմանների փոփոխություններ չի հանդուրժի. Սոբհանի
Իրանն իր վարքագծով, ռազմական և քաղաքական քայլերով ցույց է տվել, որ սահմանների փոփոխություններ չի հանդուրժի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
 
 
«Իրանի դիրքորոշումը շատ հստակ է ճանապարհի ապաշրջափակման հարցում` դա պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության շրջանակում։ Ես գտնում եմ, որ խաղաղության լեզուն կարող է տարածաշրջանը դեպի կայունություն ուղղորդել։ Մենք նորից վերահաստատում ենք` դեմ ենք սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին»,– ընդգծել է Սոբհանին։
 
 
Դեսպանը անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և նշել՝ այն 30 տարվա ընթացքում որևէ արդյունք չի գրանցել. «Մի հայ մտավորական ինձ պատմել է, որ ամերիկացի պաշտոնյան իրեն ասել է` Մինսկի խումբը ստեղծվել է, որ իրենք իրենց ներկայությունն ապահովեն տարածաշրջանում, նրանք խաղաղության չեն ձգտել»։