Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունն ամերիկյան վարչակազմին ծանուցել է, որ թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ՝ առանց Պաղեստինի անկախ պետության ճանաչման և Գազայի հատվածից իսրայելական բոլոր զորքերի դուրսբերման: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Թագավորությունը տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմին իր հաստատակամ դիրքորոշման մասին, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն լինի, քանի դեռ Պաղեստինի անկախ պետությունը չի ճանաչվել 1967 թ. սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով, և մինչև Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան չդադարի, և բոլոր իսրայելական օկուպացիոն ուժերը չհեռանան Գազայի հատվածից», -ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ հայտարարությունը «վերաբերում է Սաուդյան Արաբիայի Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև արաբաիսրայելական խաղաղ գործընթացի շուրջ քննարկումներին» և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը։