Հետևեք մեզ։

ՔՊ-ական ավագանու անդամները նախընտրում են ավագանու անդամի մանդատը` ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»

09:11, 08 փետրվար 2024
ՔՊ-ական ավագանու անդամները նախընտրում են ավագանու անդամի մանդատը` ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝

 

ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,

Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,

Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:

 

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը, որը համատեղությամբ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ նախընտրում է ավագանու անդամի մանդատը։

 

«Դեռ իրավական որոշակի գործընթաց պետք է լինի, կհասկանանք՝ ինչ է լինում, բայց, ամեն դեպքում, ես որոշում կայացնելու եմ եւ ընտրելու եմ ավագանու անդամի մանդատ եւ իմ գործունեությունը շարունակելու եմ ավագանու մանդատից, կհրաժարվեմ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնից»,-ասաց նա:

 

Համատեղությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ավագանու անդամ Լեւոն Լեւոնյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց՝ ընտրում է ավագանին. «Ես ավագանու անդամի մանդատից չեմ հրաժարվի, կհրաժարվեմ ԱԺ-ում զբաղեցրած իմ պաշտոնից:

 

Ամսի 15-ը վերջնաժամկետն է. եթե ինչ-որ փոփոխություն չլինի, ես միանշանակ այդ բացը կլրացնեմ ու որոշում կկայացնեմ. ամեն դեպքում, ընտրելու եմ ավագանու անդամի մանդատը»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։