Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը

10:43, 04 ապրիլ 2023
ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը
 

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրներ հայտարարություն են հրապարակել՝ Ադրբեջանի կառավարությանը կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության և անվտանգ տեղաշարժման վերականգնման ուղղությամբ:

Մարդու իրավունքների հարցերով  ՄԱԿ-ի փորձագետներն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ տրանսպորտային միջոցն է, և այն հումանիտար նշանակություն ունի:

Միջանցքի արգելափակումը խախտել է ԼՂ-ում բնակվող շուրջ 120 000 մարդու սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը:

Հայտարարության մեջ նշվում է, որ հումանիտար իրավիճակը վատթարացել է նաև գազամատակարարման խաթարումների պատճառով, քանի որ դա խանգարել է բուժհաստատությունների և կրթական հաստատությունների բնականոն աշխատանքը։

ՄԱԿ-ի փորձագետները լրջորեն մտահոգված են, որ ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի տևական արգելափակումը կարող է հանգեցնել բնակչության համար հումանիտար աղետալի հետևանքների և իրավունքների խախտման: